Քեզ տաղ ասեմ – դու տաղերու 
Դու բաղերու դու շաղերու 
Սիրտս այրող այդ խաղերու 
Եիգիտ վարպետ մեծ Կոմիտաս

Քեզմով խօսէր մեր քամանջան 
Քեզմով պարէր հարսն ու տղան 
Քեզմով ծաղկէր բաղն ու բաղջան 
Եիգիտ վարպետ մեծ Կոմիտաս

Երգեմ քեզմով գովքը երգի 
Քեզմով հիւսեմ փառքը բերքի 
Դուն ականջ տուր իմ այս վէրքի 
Եիգիտ վարպետ մեծ Կոմիտաս

Սրտիս կապեր փետուր կռունկի 
Աստանդական եկեր ծունկի 
Վիշտ կը ծխեմ փոխան խունկի 
Եիգիտ վարպետ մեծ Կոմիտաս

Պար կը պարեմ պար չի լինիր 
Եար կը սիրեմ եար չի լինիր 
Կարօտս ասեմ բառ չի լինիր 
Եիգիտ վարպետ մեծ Կոմիտաս

Ես եմ Զահրատ Իսթանպուլցի 
Ազգատակով Ղարաբաղցի 
Տխուր էի դարտս լացի 
Եիգիտ վարպետ մեծ Կոմիտաս

Զահրատ